Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հաստատել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ով Վրաստանից հետ էր կանչվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշմամբ, Վրաստանում է։
Միաժամանակ, Կասյանովն ասել է, որ իրենք չեն կարող տեղեկատվություն հրապարակել ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական ծառայության աշխատանքի մասին։
«Ինչպես գիտեք, Վրաստանում Ուկրաինայի դեսպանը մարտի 1-ին կանչվել է խորհրդակցությունների։ Երբ դեսպանը վերադառնա իր պարտականություններին, անմիջապես կտեղեկացնենք Վրաստանի կառավարությանը։ Ուկրաինայում պատերազմական իրավիճակը շարունակվում է արդեն երեք շաբաթ, Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը շարունակում է աշխատել պատերազմի ժամանակ»,- ասել է Կասյանովը։
Կասյանովի խոսքով՝ «պատերազմի ժամանակ դիվանագիտությունը հեռանում է դասական վիճակից»։
Կասյանովը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ խորհրդարանի ամբիոնից աջակցության համար.
«Մենք երախտապարտ ենք Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության և աջակցության համար, ինչի մասին նա հայտարարեց խորհրդարանի ամբիոնից։ Մենք ուշադիր հետևել ենք քաղաքական և հասարակական արձագանքին խորհրդարանում ելույթի վերաբերյալ և մշտապես տեղեկացնում ենք Կիևին այդ մասին»։
Նշենք, որ երեկ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդրանում ամենամյա հաշվետվությամբ հանդես գալով՝ դիմել էր Վլադիմիր Զելենսկիին, խնդրելով՝ վերադարձնել Ուկրաինայի դեսպանին։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ էր կանչել։
«Կամավորներին թույլ չտալու և պատժամիջոցների հետ կապված դիրքորոշման պատճառով»,- ասել էր Զելենսկին։