Թբիլիսիում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան Իգոր Դոլգովը լքում է Վրաստանը։ Դոլգովի՝ վրաց ժողովրդին ուղղված կոչը հրապարակել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը։
Ըստ Դոլգովի, ինքը վրաց ժողովրդի հետ միասին կարողացել է վրաց-ուկրաինական հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:
«Սիրելի հայրենակիցներ, Վրաստանի քաղաքացիներ, սիրելի բարեկամներ:
Այսօր ես Թբիլիսիից թռչում եմ Վարշավա, իսկ հետո Կիև։ Կնոջս հետ Վրաստան ենք եկել 2017 թվականին։ Հիմա ինձ թվում է, որ դա ուրիշ կյանքում էր։ Միասին անցանք համավարակի դժվարին տարիներ, փորձեցինք չկորցնել դինամիկան թե՛ առևտրի, թե՛ շփումների մեջ։
Պատերազմը փոխեց ամեն ինչ: Այս տարվա փետրվարի 24-ից հետո բոլորս փոխվել ենք։ Մենք երախտապարտ ենք այն աջակցության համար, որը զգացինք պատերազմի առաջին օրերից, մարդասիրական օգնության համար, այն բանի համար, որ Վրաստանն ու վրացիները բացեցին իրենց դռներն ու սրտերը պատերազմից և օկուպացիայից փախած ուկրաինացիների առաջ»,- նշված է Դոլգովի կոչում:
Նա նաև նշել է, որ աշխարհն աջակցում է Ուկրաինային, Ուկրաինան ստանում է աննախադեպ օգնություն, պուտինյան Ռուսաստանի շուրջ մեկուսացման շրջանակը փոքրանում է.
«Մենք գիտենք և միշտ կհիշենք, որ այսօր ամեն ինչ կախված է բանակից, Ուկրաինայի զինված ուժերից։ Երբեք չենք մոռանա, որ վրացիները կանգնած են ուկրաինացի զինվորների կողքին, և նրանք իրենց կյանքը զոհում են մեր և ձեր ազատության համար։
Շնորհակալություն բոլորին, ում հետ այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել աշխատելու Վրաստանում։ Փա՛ռք Ուկրաինային։ Փա՛ռք Վրաստանին»:
Դոլգովը վստահություն է հայտնել, որ երկու եղբայր ժողովուրդները կանեն ամեն ինչ Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերություններն ամրապնդելու համար։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հետ է կանչել դեսպանին Վրաստանից։ Ուկրաինայի նախագահը դեսպանին պաշտոնանկ անելու մասին հայտարարել է հունիսի 26-ին։ Իգոր Դոլգովը մինչ այժմ Վրաստանում էր։