
Վրաստանի ուսումնական հաստատություններում այսօրվանից վերսկսվում է ուսումնական գործընթացը: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչով մինչ ուսումնական գործընթացի մեկնարկը բոլոր ուսհաստատություններում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։
«Վիրուսի տարածումը կասեցնելու նպատակով կոչ ենք անում նաև ուսումնական գործընթացը վերականգնելուց հետո պահպանել մաքրությունը: Խորհուրդ ենք տալիս համապատասխան հեղուկներով մաքրել նստատեղերը, սեղանները, դպրոցական ողջ կահույքը»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ գրիպի վիրուսի տարածումից խուսափելու համար ձմեռային արձակուրդները երկարացնելու վերաբերյալ որոշումը ԿԳ նախարարությունը կայացրել էր մոտ 2 շաբաթ առաջ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Վրաստանում 18 մարդու կյանք խլած H1N1 վիրուսը (հայտնի է խոզի գրիպ անվամբ) նահանջում է։
Հավելենք, սակայն, որ այս պահին էլ երկրում կարմրուկի բռնկում է։