Վրաստանում UNICEF-ի (ՄԱԿ-ի երեխաների միջազգային հիմնադրամ) ղեկավար Ղասան Խալիլը կազմակերպության այլ անդամների հետ այցելեց Ախալքալաք, որտեղ ծանոթացավ տեղի երիտասարդներին հուզող խնդիրներին, հետաքրքրություններին և նախաձեռնություններին։
Խալիլի նախաձեռնությամբ, տեղի հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, երիտասարդների հետ քննարկում տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում, երիտասարդները խոսեցին իրենց համայնքների խնդիրների մասին։ Ներկա էին նաև Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ռեսուրս կենտրոնի վարիչ Թերեզա Չիվչյանը և այլք։
Հավաքված երիտասարդները տարբեր գյուղերից էին, բարձրաձայնեցին բազում խնդիրներ, ինչպիսիք են օրինակ հասարակական տրանսպորտի, զբաղմունքի վայրերի՝ սպորտդահլիճի, գրադարանի բացակայության խնդիրները և այլն, երիտասարդներից մեկը՝ Արաքսյա Մանվելյանն ընդգծեց նաև Ախալքալաքում թափառական շների խնդիրը։
Որոշ երիտասարդներ էլ հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպել ճամբարներ կամ կրթական այլ նախաձեռնություններ։
Խալիլը լսելով տեղացիների կարծիքները, ընդգծեց, որ բոլոր խնդիրներն իրենց հերթին կարևոր են: Նա նշեց՝ ուրախ է տեսնել երիտասարդների, ովքեր ակտիվ են և ներգրավված նման հարցերում։
«Ալիք Մեդիայի» հետ ապագայի պլանների մասին զրույցում Խալիլը նշեց, որ նախատեսվում են բազում նախագծեր Վրաստանի տարբեր շրջաններում, այդ թվում և այնպես Ջավախեթիում։
«Սա իմ առաջին այցը չէ Սամցխե-Ջավախեթիի մարզ, համոզված եմ նաև վերջինը չի լինի, քանի որ սեպտեմբերին նախատեսում ենք Սամցխե-Ջավախթեիի պետական համալսարանում անկացնել կոնֆերանս, հրավիրելով 12 երկրների դեսպանների, որպեսզի երիտասարդները, ովքեր այսօր այստեղ են հավաքված և ոչ միայն նրանք, հնարավորություն ունենան մտքեր փոխանակել դեսպանների հետ», — նշեց Խալիլը։
Վերջինս նաև ընդգծեց, որ հաճելի է հանդիպել երիտասարդների հետ, ովքեր ունեն կոնկրետ նպատակներ։
Ղասան Խալիլն իր այցի շրջանակներում մասնակցեց նաև Ախալքալաքում Helping hand հասարակական կազմակերպության հանդիպմանը կամավորների հետ, ներկա գտնվեց կազմակերպության աջակցությամբ Ախալքալաքում իրականցվող «Հիգիենայի ակումբ» նախագծի ամփոփիչ միջոցառմանը։