Վրաստանի սննդի ազգային գործակալության տվյալներով, վերջին երկու ամսում Վրաստանում տրիխինելոզի (ճիճվային հիվանդություն) չորս դեպք է հաստատվել:
Գործակալությունը պարզաբանում է, որ հուլիսի 3-ին Սննդի ազգային գործակալությունը ծանուցում է ստացել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից տրիխինելոզի կլինիկական հաստատված դեպքի մասին։
Հիվանդների խոսքով, իրենք Խուդադովի փողոցից պարբերաբար խոզի միս են գնել, որտեղ հունիսի 21-ին գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության լիազորված անձինք չնախատեսված ստուգում են անցկացրել։
Ըստ տեղեկությունների՝ պետական վերահսկողության ընթացքում նշված օբյեկտում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ, մասնավորապես՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտում, կոռոզիայի ենթարկված գույքագրում, անպատշաճ լվացում-ախտահանում: Ձեռնարկատերը տուգանվել է 1000 լարիով, և դադարեցվել է արտադրական գործընթացը՝ մինչև կրիտիկական անհամապատասխանությունների վերացումը:
Ի դեպ, տրիխինելոզը հիվանդություն է, որով մարդիկ կարող են վարակվել՝ ուտելով տրիխինելլա միկրոսկոպիկ մակաբույծով վարակված կենդանիների (խոզեր, այլ վայրի կենդանիներ և ձիեր) միս։
Այս հիվանդության ընթացքում բարձրանում է ջերմությունը, դեմքն այտուցվում է, առաջանում է մաշկի ցան, մկանները ցավում են, տեղի են ունենում էոզիֆիլիայի երևույթներ։ Ծանր դեպքերում ախտահարվում են թոքերը, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը։