Վրաստանի քաղհասարակությունը, բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդները կոչ են անում իրենց հաղթանակը չկապել որևէ քաղաքական ուժի հետ։
Ցուցարարներն այսօր խորհրդարանի մոտ իրենց հաղթանակը՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի տապալումը տոնելիս թույլ չտվեցին ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Վաշաձեին ելույթ ունենալ։
«Սա ժողովրդի հաղթանակն է, ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցության»,- Վաշաձեի ձեռքից վերցնելով բարձրախոսը՝ ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը։
«Մեր երկրի ապագան իրոք մեր ձեռքում է։ Այսօր Վրաստանը տոնում է իր առաջին միասնական հաղթանակը։ Ես անչափ հպարտ եմ, որ անելանելի պահին կանգնել եմ առաջին շարքում՝ բարձրաձայնելով իմ սրտի խոսքը։ Մենք ապացուցեցինք Եվրոպային, որ կարող ենք միասնականորեն պայքարել ռուսական օրենքների դեմ, կարող ենք դառնալ Եվրամիության մաս», — իր ելույթում ասաց ուսանողական շարժման առաջնորդներից մեկը։
«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ, «Տալղա» ՀԿ-ի անդամ Նիկա Ճրելաշվիլին ասաց, թեև ուրախ է, որ ջանքերը արդյունք են տվել, սակայն զգոնության կոչ արեց․
«Մեր նպատակն է երկարաժամկետ խաղաղության հասնել և երկրի ներսում, և դրսում։ Չնայած հասանք մեր նպատակին, խայտառակ օրինագիծը մերժվեց, սակայն, դեռ չեմ ուզում ժամանակից շուտ ուրախանալ։ Մենք կհասնենք մեր նպատակին, երբ փոխվի մեր Սահմանադրությունը, դառնա համապատասխան ԵՄ-ի օրենքներին, ստանանք ԵՄ անդամության բաղձալի կարգավիճակը», — ասաց նա։
Ճրելաշվիլին նշեց, որ բողոքի ցույցերին միացել է առաջին իսկ օրվանից՝ օրերով բացակայելով աշխատանքից։ Ասում է՝ եթե օրինագիծն ընդունվեր, շատերը կզրկվեին աշխատանքից։
Այսօրվա հանրահավաքն ավարտվեց Վրաստանի պետական օրհներգով։
Թբիլիսիում բողոքի ակցիաները մեծ թափ ստացան, երբ խորհրդարանը մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։