Վրաստանում ծնելիությունը նվազել է, մահացությունը` աճել

Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է, մահացության մակարդակը՝ աճել, սրա մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականի տվյալները (Geostat):

Ըստ տվյալների՝ 2024 թվականին Վրաստանում ողջ ծնվել է 39 հազար 483 երեխա, այդ թվում՝ 20 հազար 755 տղա և 18 հազար 728 աղջիկ։ 2023 թվականի համեմատ ծնելիության ցուցանիշը նվազել է 1,8 տոկոսով։ Հիմնվելով նույն տվյալների վրա` պարզ է դառնում, որ Վրաստանում տարեցտարի նվազում է ծնելիությունը։

  • 2016 թվականին՝ 56 հազար 569 երեխա,
  • 2017 թվականին՝ 53 հազար 293 երեխա,
  • 2018 թվականին՝ 51 հազար 138 երեխա,
  • 2019 թվականին՝ 48 հազար 296 երեխա,
  • 2020 թվականին՝ 46 հազար 520 երեխա,
  • 2021 թվականին՝ 45 հազար 946 երեխա,
  • 2022 թվականին՝ 42 հազար 301 երեխա,
  • 2023 թվականին՝ 40 հազար 214 երեխա:

2024 թվականին ամենամեծ թվով երեխաներ ծնվել են Թբիլիսիում՝ 14 հազար 415 երեխա, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում՝ 237 երեխա։

2024-ին, 2023-ի համեմատ, մահացությունների թիվն աճել է 2,8 տոկոսով և կազմել 43 հազար 971 մարդ։ Ամենաշատ մահերը գրանցվել են Թբիլիսիում՝ 12 հազար 492 մարդ, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում՝ 533 մարդ:

Geostat-ը նշել է՝ 2024 թվականին Վրաստանը ունեցել է բացասական բնական աճ (կենդանի ծնվածների և մահերի թվի տարբերություն) և որոշվել է 4488 միավորով։

Նաև բացասական բնական աճ է նկատվել բոլոր շրջաններում, բացառությամբ Թբիլիսիի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Քվեմո Քարթլիի շրջանի։