Վրաստանում շարունակվում են պատվաստումները կորոնավիրուսային հիվանդության դեմ: Հունիսի 28-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 254 737 պատվաստում: Ամբողջական պատվաստում (երկու դեղաբաժին) ստացել է 94 740 քաղաքացի: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 604 պատվաստում:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, այս շաբաթվա վերջին Վրաստան կներմուծվեն չինական արտադրության պատվաստանյութերը, ինչը հնարավորություն կտա զանգվածային պատվաստումներ սկսել: Ըստ նրա՝ խոսքը 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութերի մասին է: Ներմուծված պատվաստանյութերով կկարողանան պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները:
Նշենք, որ Վրաստանում նախատեսվում է հուլիսից սկսել բնակչության մասսայական պատվաստում: Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հուլիսից օրական պատվաստումների քանակը պետք է հասնի 20-25 հազարի:
Ըստ մասնագետների պատվաստումներ անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել մեծ առևտրի կենտրոնները, սպորտային հաստատությունները և այլ վայրեր, ինչը հնարավորություն կտա բնակիչներին առանց նախապես գրանցման պատվաստվել: