Վրաստանում անչափահասների ներկայությամբ տաքսիներում և անձնական մեքենաներում ծխելը կարող է արգելվել:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC):
«Եթե մենակ եք ձեր մեքենայում, ոչ ոք չի արգելի ձեզ ծխել: Եթե մեքենայում ձեզ հետ երեխաներ կամ դեռահասներ կան, չպետք է ծխախոտի ծուխ լինի, և ծխելը պետք է արգելվի: Երբ օրենքն ընդունվեց 2017-ին, բացառություն թույլ տրվեց` մեքենայում ծխելու համար, չնայած մենք դեմ էինք: Հիմա մեր նախաձեռնությունն այն է, որ ո’չ վարորդը, ո’չ էլ տաքսի նստած մարդիկ չպետք է տաքսիում ծխեն, քանի որ ծխախոտից կուտակված ծուխը բացասաբար է ազդում մարդու, հատկապես` երեխաների առողջության վրա »,- ասում է կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Երեխաների ներկայությամբ տաքսիներում և սեփական ավտոմեքենաներում ծխելը արգելելու վերաբերյալ առաջարկը Վրաստանի խորհրդարանն այս տարվա ապրիլին է ընդունել: Պատգամավորները որոշել են, որ նման դրույթ ավելացնելուց առաջ անհրաժեշտ է ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքի մոնիթորինգ:
Հակածխախոտային օրենսդրությունը Վրաստանում ուժի մեջ է 2017-ի մայիսից: Այսօր Վրաստանում ծխելն արգելվում է գրեթե բոլոր հասարակական վայրերում: Բացառություն են խաղատներն ու համալսարանների և բժշկական հաստատությունների տարածքներում հատուկ կահավորված տեղերը:
Այսօր Վրաստանում ծխախոտի գները սկսվում են 5,5 լարիից: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին երկրում մեկ տուփ ծխախոտն արժեր մոտ 1,5 լարի: