Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկրում գրանցվել է անաֆիլակտիկ շոկի 4 դեպք: Այս մասին Իմնաձեն խոսել է «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցի հետ:
Ըստ Իմնաձեի՝ պատվաստումից հետո եղել են թեթևակի բարդացումներ, որոնք, սակայն, կապված են եղել պացիենտի նյարդային ֆոնի հետ:
Նշենք, որ Վրաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 523․466 քաղաքացի։ Միջին հաշվով` երկրում օրական կատարվում է 15-17 հազար ներարկում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15 -ին ՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նոր խմբեր: Հուլիսի 5-ից մեկնարկել է մասսայական պատվաստումը:
Ներկայումս Pfizer- ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca, իսկ 18 -ից բարձրերը` Sinopharm կամ Sinovac:
Ազգային ծրագրի համաձայն ՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60% -ը պետք է պատվաստված լինի: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի` կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար: