Վրաստանում դեռ հայտնի չէ՝ երբ է սկսվելու կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը և ամեն ինչ կախված է նրանից, թե երբ է երկիրը «Կովաքս» հարթակից ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված պատվաստանյութ:
Կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել, որը ծրագիր է մշակում երկրում պատվաստանյութ ստանալու, պահելու և բնակչության պատվաստելու վերաբերյալ: Առաջիկա օրերին Առողջապահության նախարարությունը կհրապարակի վակցինացիայի ծրագիրը, որտեղ մանրամասն կնշվեն կորոնավիրուսի դեմ պայքարի առաջիկա բոլոր քայլերը:
Ի՞նչ է հայտնի այս պահին վակցինայի և վակցինացիայի ծրագրի մասին:
Վրաստանը պատրաստվում է պատվաստանյութ ձեռք բերել ոչ միայն COVAX հարթակի միջոցով, այլև այլ ճանապարհով: Այժմ քննարկումներ են ընթանում Չինաստանում բրիտանա-շվեդական ընկերության արտադրության AstraZeneca, ամերիկական Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների, նաև ամերիկյան Moderna-ի արտադրանքները ձեռք բերելու ուղղությամբ։
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հունվարի 17-ին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանը փետրվարի վերջին ստանալու է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը և կսկսվի բնակչության պատվաստումը փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հունվարի 18-ի հայտարարությամբ՝ չնայած վակցինացիայի ծրագիրը ամբողջությամբ պատրաստ չէ, այնուամենայնիվ որոշվել է, թե առաջին փուլում ինչ խմբաքանակի պատվաստանյութ է ստանալու երկիրը և ո՞ր խմբերն են առաջինը պատվաստվելու: Վրաստանը 2021 թվականին նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստել չափահաս բնակչության 60 տոկոսին:
Գաբունիայի խոսքով՝ այժմ Վրաստանը COVAX հարթակին պատվիրել է պատվաստանյութ բնակչության 20 տոկոսի համար, որը կազմում է 1,5 մլն դոզա: Առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու են առողջապահական հատվածի աշխատակիցները, երկարաժամկետ խնամքի հաստատությունների շահառուներն ու աշխատակազմը, ինչպես նաև 75 տարեկանից բարձր անձինք: Հաջորդ փուլում արդեն կպատվաստվեն 65-75 տարեկան անձինք և ռազմավարական ծառայություն մատուցողները, որին կհետևի 55-64 տարիքային խումբը և 18-54 տարիքային խումբը, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ:
Ի՞նչ են մտածում պատվաստանյութի մասին Վրաստանում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հունվարի 15-ի հայտարարությամբ՝ ԱՀԿ-ի մեթոդով անցկացրած հարցումների արդյունքում Վրաստանի բնակչության 50-60 տոկոսը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Հատկանշական է նաև NDI-ի 2020 թվականի հունիսին անցկացրած հարցումը, ըստ որի բնակչության 46 տոկոսը դեմ է պատվաստվելուն, 38 տոկոսը կողմ, իսկ 15 տոկոսը դժվարանում է պատասխանել:
Գամկղրելիձեի խոսքով՝ հանրության մեջ պետք է լինի մեծ համերաշխություն և ինչ որ կերպ պետք է ճնշել պատվաստանյութի դեմ տարվող քարոզները, քանի որ «մարդկությունը պատվաստանյութից ավելի լավ առողջապահական միջամտություն չի հայտնագործել»: Նրա խոսքով՝ առանց պատվաստանյութի կորոնավիրուսին հաղթել հնարավոր չի լինի:
Նինոծմինդա քաղաքում պատահականության սկզբունքով հարցվածները տարբեր կարծիք արտահայտեցին կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութի վերաբերյալ: Որոշները դեմ էին պատվաստվելուն, որոշները՝ կողմ, իսկ որոշները չցանկացան պատասխանել:
Օրինակ, բնակիչներից 65-ամյա մի տղամարդու խոսքով, նա չի հավատում պատվաստանյութին և չի պատրաստվում ինքնակամ պատվաստվել:
«Ես ինքնուրույն ավելի լավ կարող եմ ապահովել իմ առողջությունը, քան այդ պատվաստանյութերը», — Ալիք Մեդիայի հետ զրույցում ասում է նա:
85-ամյա տղամարդը, հարցին, թե պատրաստվում է արդյոք պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով նշեց, որ նախ առաջինը բժիշկներն ու համապատասխան մասնագետները թող որոշեն ով է պատվաստվելու, ինչ վերաբերում է իրեն, նա դեռ չի որոշել կպատվաստվի արդյոք, թե ոչ, քանի որ տարիքը շատ բան է ասում:
60-ին մոտ մի կնոջ խոսքով՝ նա անպայման պատվաստվելու է և բոլորին կոչ է անում ինքնակամ պատվաստվել, որպեսզի համաճարակն օր առաջ ավարտվի:
Ռիսկային խմբում գտնվող ևս երկու տղամարդ կարծում են, որ բոլորը պետք է պատվաստվեն, եթե համապատասխան պահանջ լինի մասնագետների կողմից: Նրանց խոսքով՝ ովքեր որ չեն ուզում պատվաստվել, իրականում չեն պատկերացնում ինչ հիվանդության հետ գործ ունեն ու ինչ բարդություններ կարող են առաջանալ հետագայում: Երիտասարդ տարիքի մարդկանց մոտ կորոնավիրուսի պատվաստանյութի հանդեպ վստահությունը համեմատաբար ավելի բարձր է: Օրինակ, 33 ամյա երիտասարդը կարծում է, որ ինչքան շուտ հասնի պատվաստանյութը Վրաստանին, այնքան լավ, որպեսզի բոլորը պատվաստվեն և վերադառնան հին ապրելակերպին:
Նինոծմինդայում հանդիպեցին նաև մարդիկ, որոնք ոչ կորոնավիրուսի գույությանն էին հավատում, ոչ էլ պատրաստվում էին վարակի դեմ պատվաստվել:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։