Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված Վրաստանում այսօր՝ օգոստոսի 7-ը, հայտարարվել է սգո օր։
Օգոստոսի 7-ի առավոտվա տվյալներով, աղետի գոտում հայտնաբերվել է 18 մարմին։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ ողջ գիշեր աղետի գոտում հատուկ լույսերով շարունակաբար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել։
Սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռներ առավոտյան վերսկսել են իրենց աշխատանքը։ Աշխատանքներին ներգրավված են ոստիկանության ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կինոլոգների խումբ, պաշտպանության նախարարության և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության աշխատակիցներ: Տեղում աշխատում են անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա։
Հրշեջներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները հինգերորդ օրն է, ինչ փրկարարական աշխատանքներ են իրականացնում Օնիի մունիցիպալիտետում։ Առկա տեղեկությունների համաձայն, փրկարարները փնտրում են ևս 17 մարդու: Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, աղետի գոտում կորածների թվում 7-8 երեխա կա։
Հիշեցնենք՝ գոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։