
Վրաստանում բնակվող հայերը նշեցին Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Թբիլիսիի հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, հայտնում է Վիրահայոց թեմը։
Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, որն այս տարի նշվեց հուլիսի 24-ին, տոնվեց նաև Ջավախքի եկեղեցիներում, Ախալքալաքի առաջնորդանիստ Սուրբ Խաչ եկեղեցում` նույնպես։
«Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագին ներկա էին Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Հոգեշնորհ Հայր Սուրբը քարոզ խոսեց և մեկնեց տոնի խորհուրդը: Հավարտ Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրերը վարդաջուր ցողեցին հավատացյալների վրա, այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ ջրախաղ»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը։
Հիշեցնենք. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով. ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:
