Վրաստանում նոր շարժում է ստեղծվել

Այսօր՝ փետրվարի 17-ին, հիմնադրվել է «Շարժում սոցիալական ժողովրդավարության համար» կազմակերպությունը։ Նոր շարժումը ներկայացվել է գրող Էգնատե Նինոշվիլու ծննդյան օրը՝ նրա հուշարձանի մոտ։

«Շարժումը միավորում է տարբեր մասնագիտություն, փորձառություն և հետաքրքրություն ունեցող քաղաքացիների, ովքեր հավատում են, որ Վրաստանի փրկության և զարգացման միակ ճիշտ ուղին սոցիալական ժողովրդավարության ճանապարհն է։ Նրանք ոչ միայն քննադատում են անցյալն ու ներկան, այլև ունեն ընդհանուր տեսլական երկրի ավելի լավ ապագայի համար։

Շարժման անդամների թվում են գործիչներ, ովքեր տարիներ շարունակ պահանջել են արդար տնտեսական քաղաքականություն, աշխատանքի անվտանգություն, արժանապատիվ աշխատանքային պայմաններ, որակյալ և հասանելի առողջապահություն ու կրթություն, հավասարություն, արդար դատական համակարգ, պայքարել են բնական ռեսուրսների յուրացման դեմ։ Շարժման անդամների մի մասը ներկայացնում է արհմիութենական կազմակերպություններ, իսկ մյուս մասն ակտիվորեն մասնակցում է Հանրային հեռարձակողի դեմ ընթացող բողոքի ակցիային»,– նշում են հիմնադիրները։

Նրանց տեղեկացմամբ` առաջիկա ամիսներին նախատեսվում է մշակել ամբողջական ծրագրային փաստաթուղթ, որի վրա շարժման ներսում ձևավորված աշխատանքային խմբերը ակտիվորեն աշխատում են։

Այս փուլում շարժումը միավորում է 100-ից ավելի քաղաքացու, բաց է յուրաքանչյուրի համար, ով կիսում է սոցիալական ժողովրդավարության արժեքներն ու սկզբունքները։