Վրաստանում ընթանում են վրացական առաջին բլոկբաստերի՝ «Ինը եղբայրներ — Պրոմեթևսի կրակ» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմի ռեժիսորներն են Զուրաբ Վասաձեն և Սերգո Եղոյանը։
Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա։ Այն Վրաստանի պատմության հիշարժան էջերից մեկն է, երբ ինը Խերխեուլիձե եղբայրներն իրենց մոր, քրոջ և 9000 վրացիների հետ սպանվել են Մարաբդայի դաշտում՝ 1625 թվականին Իրանի շահ Աբաս I-ի բանակի դեմ մարտում։
Սակայն «Ինը եղբայրներ — Պրոմեթևսի կրակ» ֆիլմում գործողությունները տեղի են ունենում մեր օրերում, և եղբայրները ներկայացված են որպես միջազգային հակաահաբեկչական խմբավորում։
Ֆիլմի առաջին մասի նկարահանումները տեղի կունենան Թբիլիսիում, Բաթումիում, Դուբայում, Բրատիսլավայում և Սանկտ Պետերբուրգում։ Ամենայն հավանականությամբ՝ նկարահանումները կավարտվեն սեպտեմբերին, իսկ պրեմիերան կկայանա 2022 թվականի վերջին։