Վրաստանում մինչ օրս անսարք մեքենաներ են երթևեկում

Վրաստանի պետական ​​աուդիտորական ծառայությունը՝ առաջնորդվելով տեխզննման 2018-2020 թվականների փորձով, բացահայտել է, որ Վրաստանում դեռ անսարք մեքենաներ են երթևեկում, չնայած գործում է տեխզննման պարտադիր կանոնը:

Ըստ ծառայության՝ նույնիսկ անսարք տրանսպորտային միջոցների ստուգման և տուգանքի համակարգը չի կարողանում ապահովել օրենքի այս պահանջի լիարժեք կատարումը։

2020 թվականին տեխզննում պետք է անցներ 1 մլն 250 հազար 787 մեքենա, որոնցից ընդամենը 41 տոկոսն է զննվել, և միայն 38 տոկոսն է բարեհաջող անցել զննումը։ Հատկանշական է, որ 2019 թվականին ցուցանիշն ավելի բարձր է եղել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղադրել է 559, այսպես կոչված, խելացի տեսախցիկ՝ չստուգված մեքենաները հայտնաբերելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին մեքենաների 62 տոկոսը չի անցել տեխզննում՝ խելացի տեսախցիկներին հաջողվել է հայտնաբերել միայն 19 տոկոս տեխզննում չանցած ավտոմեքենա:

«Ներկայացված ցուցանիշները բարելավման ներուժ ունեն, ինչն էապես կնպաստի բարեփոխման նպատակի լիարժեք իրականացմանը»,- նշված է աուդիտի հաշվետվության մեջ։

Հիշեցնենք. Վրաստանի խորհրդարանը նախատեսում է նախաձեռնել տրանսպորտային միջոցների տեխզննման տուգանքների բարձրացման օրինագիծ։

Մասնավորապես, եթե ժամկետը լրանալուց հետո` 30 օրվա ընթացքում, տրանսպորտային միջոցը տեխզննում չանցնի, նախնական տուգանքը կկազմի 50 լարի (մոտ 16 դոլար), սակայն հաջորդ տուգանքների չափերը կավելանան։

 

Մեքենաների տեխզննման տուգանքը հնարավոր է բարձրանա