Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 15,3 տոկոսով (270,9 լարիով) և կազմել 2044,5 լարի։
Geostat-ի տեղեկատվությամբ, ըստ գործունեության տեսակի, համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում՝ տեղեկատվություն և կապ՝ 4309,2 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 17 տոկոսով), Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3 110,0 լարի (14,1 տոկոս աճ), շինարարություն՝ 3062,5 լարի (20,8 տոկոս աճ), գիտատեխնիկական գործունեություն՝ 2 920,5 լարի (19,0 տոկոս աճ)։
Տեղեկության համաձայն՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1607.3 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2463.8 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 195,6 լարի (13,9 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 340,7 լարի (16,0 տոկոս)։