Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը վրացերեն տեսաուղերձ է տարածել

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուորդը վրացերեն տեսաուղերձ է տարածել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Դեսպանի հավաստմամբ` Մեծ Բրիտանիային «ցնցել են բռնությունները, որ ոստիկանությունը կիրառում է ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ»։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է ողջ երկրում վրաց ժողովուրդը դեմ արտահայտվում «Վրացական երազանք»-ի ընդունած որոշումներին, դրանց թվում՝ եվրատլանտյան ուղուց շեղմանը։

Մենք ցնցված ենք ոստիկանության և ոչ ֆորմալ խմբերի կողմից ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնություններից»,- ասել է Ուորդը:

Նաև, ըստ դեսպանի, Մեծ Բրիտանիան սահմանափակել է Վրաստանի հետ երկկողմ համագործակցությունը. այդ որոշումը կայացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դեյվիդ Լամը։

Դեսպանի խոսքով, հարաբերությունների սահմանափակումը նշանակում է, որ Միացյալ Թագավորությունը դադարեցնում է Վրաստանի կառավարությանը մատուցվող ծրագրային աջակցությունը, իսկ ռազմական ոլորտում համագործակցությունը, քաղաքական հանդիպումներն ու հարաբերությունները սահմանափակված են։