Վրաստանի մեդիագիտության ոլորտի փորձագետների, մեդիավերլուծաբանների և մեդիահետազոտողների կարծիքով` Եվրոպական քաղաքականության նախաձեռնության (EuP) և Սոֆիայի բաց հասարակության ինստիտուտի (OSIS) զեկույցը, ըստ որի՝ մեդիագրագիտության ինդեքսով Վրաստանը վերջին տեղում է եվրոպական 41 երկրների շարքում, նախկինում քննադատական մտածողության և տրամաբանելու հմտությունների չխրախուսման հետևանքներն են:
Նրանց խոսքով, հանրության զգալի մասն այնքան խոցելի է կեղծ մեդիաբովանդակության նկատմամբ, որ նրանց գրեթե չեն մտահոգում այն արատավոր հետևանքները, որոնք հաճախ ուղեկցում են ապատեղեկատվության հոսքին:
Մեդիագիտության ոլորտի փորձագետ Զվիադ Քորիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ցավալի է Վրաստանի մեդիագրագիտության ոլորտում վերջին տեղը զբաղեցնելու փաստը: Փորձագետը նշում է, որ դրան «նպաստել են» մի քանի հայեցակետեր.
«Առաջինը՝ Խորհրդային միության տարիների շատ հնացած կրթական համակարգն է, որը չի օգնում նոր սերնդին՝ ճիշտ հասկանալ և վերլուծել նորությունները, կարողանալ տարբերել հավաստի և կեղծ քարոզչական տեղեկությունները. այսինքն` առաջին մեծ խնդիրը կրթական համակարգի թերություններն են:
Երկրորդը` մեդիայի թերություններն են, քանի որ մեդիայից է կախված ճիշտ, հավաստի, համակարգված նորությունների հաղորդումը հասարակությանը: Մեդիայի պարտականությունն է՝ ապահովել հասարակության համար միայն հավաստի տեղեկատվություն, որը, ցավոք, հաճախ չի կատարվում»,- ասում է Քորիձեն:
Ըստ մեդիագիտության ոլորտի փորձագետի՝ երրորդ կարևոր խնդիրը բխում է կրոնական կենտրոններից. այստեղից քաղաքացիներին հաճախ ծանրաբեռնում են քարոզչական նորություններով և ոչնչով չեն օգնում հասարակությանը՝ բարձրացնել իրենց մեդիագրագիտության մակարդակը.
Վրաստանի «Հետաքննող լրագրողների միություն» ifact.ge-ի համահիմնադիր, խմբագիր Նինո Բաքրաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրուցում նշում է, որ մեդիագրագիտության խնդիրն ուղղակիորեն կապված է մեր կրթական մակարդակի հետ։
«Մենք ունենք մի հասարակություն, որի մի զգալի մասը չի կարող միմյանցից տարանջատել փաստերն ու կարծիքները և քննադատաբար գնահատել ստացված տեղեկատվությունը։ Մեդիագրագիտության հիմնախնդրի վերացման համար կառավարությունից պահանջվում է համակարգված, կազմակերպված և նպատակաուղղված գործողություն։ Լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում: Բայց ներկա պահին տեսնում ենք, որ իշխանությունն այս ուղղությամբ ոչինչ չի անում»,- ընդգծում է Բաքրաձեն և հավելում՝ միայն լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ջանքերը բավարար չեն։
Ըստ նրա՝ լրատվամիջոցները կարող են որոշակի գործողություններ ծրագրել նշված ուղղությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ.
«Այն, ինչ կարող են անել լրատվամիջոցներն այս փուլում, ավելի պրոֆեսիոնալ, էթիկական և հավասարակշռված լինելն է: Այսպես հանրությանը կներկայացվի, թե ինչ է լրագրողական լավ չափանիշը, հետո հերթը կհասնի այդ նույն հանրությանը կրթելը»:
«Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) մեդիահետազոտող Քեթևան Մուրղուլիան էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ զեկույցի բացասական գնահատականը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով՝ հասարակության ճկունության գրեթե բացակայության, ապատեղեկատվությունը «զտելու» և դրա հետ առնչվելու ներուժի սակավության, ինչը մեծապես պայմանավորված է լրատվամիջոցների ազատության բացակայությամբ և կրթության ոլորտում անբավարար աշխատանքի որակով:
Մուրղուլիայի խոսքով, մեդիագրագիտության մակարդակի բարձրացման համար հանրության շրջանում այդ նույն մեդիագրագիտության հմտությունները պետք է սկսել դպրոցական տարիքից։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ կրթական համակարգը հնարավորինս կենտրոնանա աշակերտի հմտությունների կատարելագործման վրա բոլոր առարկաներից։
«Դպրոցական տարիքում առավելագույն ուշադրություն պետք է դարձնել աշակերտների քննադատական և վերլուծական մտածողության զարգացմանը, պետության ներգրավվածությունից բացի` շատ կարևոր է նաև քաղաքացիական սեկտորի դերը՝ տարբեր տեղեկատվական արշավներ իրականացնելու ուղղությամբ. պետք է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ մեդիագրագիտության թեմայով, որպեսզի համատեղ ջանքերով հասարակության մեջ մեդիագրագիտության մասին տեղեկացվածությունը հասնի բավարար մակարդակի»,- ասում է մեդիահետազոտողը:
Մուրղուլիան նշում է, որ վերջին մի քանի տարիներին Վրաստանի տարբեր շրջաններում քաղաքացիական սեկտորի ակտիվ ջանքերով հնարավոր է եղել ներգրավել մեծ թվով մարդկանց` մեդիագրագիտության ուսուցման ծրագրերում, հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչը, նրա կարծիքով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում զգալիորեն կբարելավի երկրի մեդիագրագիտության վիճակը։
Մուրղուլիան նաև ասում է, որ հենց մեդիագրագիտությունն է թվային աշխարհում օգնում հասարակությանը, որպեսզի հնարավոր դառնա մանևրել տեղեկատվական ամենամեծ հոսքում՝ ապատեղեկատվության շրջապտույտում «զոհ» չդառնալու համար։
«Սա էապես զարգացնում է վերլուծական և քննադատական մտածողությունը, որն ի վերջո ապահովում է մարդու անկախության աստիճանը և պաշտպանում է մեդիահնարքների զոհ դառնալուց։ Ի վերջո, տեղեկատվական գրագիտությունը մեզ առաջին հերթին հնարավորություն է տալիս քննադատաբար գնահատելու ստացված տեղեկատվությունը և որոշելու դրա հավաստիությունը»,- ընդգծում է Մուրղուլիան:
Նշենք, որ «Եվրոպական քաղաքականության նախաձեռնության» (EuP) և Սոֆիայի բաց հասարակության ինստիտուտի (OSIS) զեկույցի համաձայն, Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։
Առավելագույն 100 միավորից Վրաստանն ունի ամենաքիչ` ընդամենը 20 միավոր։
Վրաստանի հարևան երկրներից հետազոտության ցուցակում ընդգրկվել է միայն Թուրքիան, որը Վրաստանից առաջ է 11 միավորով։ Վրաստանը հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Բոսնիա-Հերցեգովինայից և Ալբանիայից։ Հարկ է նշել, որ այս տարվա վարկանիշում վերոնշյալ կազմակերպություններն առաջին անգամ են ներառել Վրաստանը։