2021 թվականի մայիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է 264,1% -ով: Այս մասին ասվում է Վրաստանի ազգային բանկի ամսական հաշվետվության մեջ:
«2021 թվականի մայիսին միջազգային այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 188,1 տոկոսով: Զբոսաշրջիկների թիվը կազմել է ընդհանուր այցելուների 92,1 տոկոսը և տարեկան աճել 264,1 տոկոսով: Մայիս ամսին մեկօրյա այցերի քանակը նվազել է», — ասվում է Ազգային բանկի հաշվետվությունում:
Այցելուների թվի աճ է նկատվել նաև ապրիլ ամսին: Վրաստանում մինչ պանդեմիան, տուրիզմին բաժին էր ընկնում երկրի տնտեսության 10%-ը, 2020-ին սահմանափակումների պատճառով այն գրեթե 90%-ով անկում էր գրանցել: 2021 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում օտարերկրյա այցելուների թիվը կազմել է 220,4 հազար, սա 90,3%-ով ցածր է 2019-ի ցուցանիշից:
Հիշեցնենք, որ Վրաստանը հունիսի 1-ից բացեց ցամաքային սահմանները, ինչպես նաև ընդլայնեց այն երկրներից ցանկը, որոնց քաղաքացիները կարող են PCR թեստի բացասական պատասխանով մուտք գործել երկիր:
Հուլիսի 1-ից երկրում չեղարկվեց երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, որը, ըստ մասնագետների, հանդիսանում էր խոչընդոտ զբոսաշրջիկների ավելի մեծ քանակ ընդունելու համար: