Վրաստանում մամուլի ազատությունը նահանջ է ապրում

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է մամուլի ազատության ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանում իրավիճակը վատթարացել է 26 հորիզոնականով։ Անցյալ տարի՝ 2023 թվականին, Վրաստանը այս ինդեքսում զբաղեցրել է 77-րդ տեղը, իսկ 2024 թվականին  տեղափոխվել է 103-րդ հորիզոնական։

Նշված զեկույցում ներառված են միայն 2023 թվականի իրադարձությունները, հետևաբար՝ «գործակալների մաիսն» օրենքի վերսկսման ազդեցությունը և ընթացող գործընթացները կարտացոլվեն 2025 թվականի զեկույցում։

RSF-ի զեկույցի համաձայն, անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների միջավայրը մնում է թշնամական, իսկ լրագրողների դեմ բանավոր և ֆիզիկական հարձակումների թիվը գնալով ավելանում է։ Վրաստանի կառավարության միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը։

«Փորձեր են արվում ընդունել օրենք, որն ուղղված է անկախ լրատվամիջոցներին մարգինալացնելուն և խոսքի ազատության տարածքը նեղացնելուն…»,- գրել է RSF-ն։

Կազմակերպությունը ընդգծում է բազմազան, բայց բևեռացված մեդիա միջավայրը և նշում, որ լրատվամիջոցների սեփականատերերը վերահսկում են խմբագրական քաղաքականությունը: Դրա օրինակն է «Ռուսթավի 2»-ի դեպքը, որի խմբագրական քաղաքականությունը սեփականատերերի փոփոխությունից հետո արմատապես փոխվել է։

Զեկույցում նշվում է նաև, որ կառավարությունը հաճախ հրաժարվում է պատասխանել իրենց հասցեին քննադատող լրատվամիջոցների հարցերին և երբեմն գրաքննության, զրպարտության և ահաբեկման արշավներ է իրականացնում նրանց դեմ: Նաև նշվում է, որ կառավարությունը դեռ չի կատարել մամուլի ազատության վերաբերյալ ԵՄ-ի հանձնարարականը, որն անհրաժեշտ քայլ է անդամակցության բանակցությունների մեկնարկից առաջ: Խոսվում է նաև գովազդային շուկայում առկա խնդիրների և անկախ լրատվամիջոցների ֆինանսական դժվարությունների մասին։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների մասին» օրինագիծը, որը 2023 թվակականին բազմահազարանոց ցուցարարների բողոքի ֆոնին տապալվել էր: «Գործակալների մասին» օրենքի ընդունման դեպքում՝ բոլոր հասարակական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորումը կատարվում է դրսից, պետք է գրանցվեն որպես «օտարեկրյա գործակալներ»: Ըստ փորձագետների, ընդդիմադիրների, քաղհասարակության և միջազգային գործընկերների՝ օրենքի ընդունման դեպքում, Վրաստանում կճշնվի խոսքի ազատությունը, կփվակվեն մեծ թվով իրավապաշտպան ՀԿ-ներ, ինչը, ըստ նրանց՝ Վրաստանը կտանի դեպի բռնապետություն: