Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
«Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա», — նշված է հայտարարության մեջ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ Վերջին տվյալների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 միլիոն 792 հազար 109 դեպք, մահացել է ավելի քան 16 900 մարդ։