Վրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է, Interpressnews լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Ըստ նրա՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի տարածման նման բարձր ցուցանիշ չի եղել: Նրա խոսքով, ամռանը կորոնավիրուսի նման ցուցանիշի ի հայտ գալն անտրամաբանական է:
Չխաիձեն նշել է՝ ներկա պահին տարածված է կորոնավիրուսի, այսպես կոչված՝ Omicron շտամը, որը չի բնութագրվում կլինիկական ընթացքի որոշակի ծանրությամբ, և այն հիմնականում առաջացնում է մրսածության նման կլինիկական ախտանիշներ:
«Ընթացիկ տարվա սեզոնը բացառիկ էր նրանով, որ գրիպի վիրուսի հայտնաբերման ժամկետը մեծապես երկարաձգվեց… Երկրորդ առանձնահատկությունը կորոնավիրուսի համեմատաբար բարձր տեսակարար կշիռն է։ Գիտեք, որ կորոնավիրուսը պատկանում է շնչառական վիրուսների խմբին, այն պետք է ունենա սեզոնային պիկ, անտրամաբանական է այն հայտնաբերել ամռանը»,- ասել է Չխաիձեն:
Չխաիձեն պարզաբանել է՝ երկրում շրջանառվում են նաև ամառային սեզոնին բնորոշ վիրուսներ՝ ռինովիրուս, ադենովիրուս, պարագրիպի վիրուս, էնտերովիրուս։