Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպքից 2-ը արդեն վարակված անձի հետ կոնտակտներից են, իսկ 6-ը՝ բերվել են արտերկրից: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Նոր հիվանդների վիճակը բավարար է, բոլոր նոր դեպքերի վարակման աղբյուրները՝ հաստատված:
Հունիսի 21-ի դրությամբ՝ երկրում վարակի 906 դեպք է հաստատվել, որոնցից 8-ն՝ այսօր: Վարակաբանի գնահատմամբ՝ համաճարակային իրավիճակը երկրում վերահսկելի է: Մասնագետները շարունակում են կոչ անել բնակչությանը՝ հետևել անձնական հիգիենայի կանոններին, դիմակ դնել, խուսափել հանրային վայրերից ու մարդկանց կուտակումներից, պահել հեռավորություն: Ըստ Գամկղրելիձեի՝ փաստը, որ երկրում մատների վրա հաշված նոր դեպքեր կան, զգոնությունը թուլացնելու առիթ չպետք է տա:
Այսօրվա դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված ու ապաքինված դեպքերի թիվը 755 է, վերջին օրվա ընթացքում 3 մարդ է առողջացել ու դուրս գրվել: Այս օրերին մահվան դեպք չի գրանցվել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 14 է:
Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջից։