Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով, հուլիսի 22-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ ուսուցիչներից միայն 572-ն է պատվաստվել:
Վարակաբանները նոր ուսումնական տարվա մասին խոսելիս կոչ են անում բոլոր մանկավարժներին, ԲՈՒՀ-երի դասախոսներին և կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներին ակտիվ պատվաստվել աշնանը բնական միջավայրում ուսումնական գործընթացն սկսելու համար:
Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով` այժմ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով` նոր ուսումնական տարվանից դպրոցներում հեռավար ուսուցման ներդրումը ելք չէ և միակ լուծումը պատվաստումն է:
«Հաշվի առնելով, որ այսօր երկրում ունենք միլիոն ու կես դեղաչափ պատվաստանյութ և սպասում ենք ևս մեկ միլիոնի, իմ և Առողջապահության նախարարության հիմնական ռեկոմենդացիան այն է, որ մնացած հուլիս և օգոստոս ամիսները դպրոցի անձնակազմն օգտագործի ակտիվ պատվաստումների համար, որպեսզի դպրոցներն ուսումնական տարվա մեկնարկը դիմավորեն անվտանգ միջավայրում: Այսօր սահմանափակումը դպրոցի պայմաններում լուծում չէ, ոչ էլ հեռավար ուսուցումն է այս խնդրի լուծումը: Խնդրի լուծումը պատվաստումն է, և ես կխնդրեմ բոլորին, ովքեր զբաղված են դասավանդմամբ կամ աշխատում են դպրոցում, դիմել պատվաստումների կենտրոններին»,- հայտարարել է Գաբունիան: