Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել` Թբիլիսիում անհետացած ավստրալիացի կնոջ գործով:
Ըստ եղած տեղեկությունների ՝ Շանա Բրուկը Վրաստան է տեղափոխվել ավելի քան մեկ տարի առաջ, զբաղված էր անգլերենի ուսուցմամբ, անհետացել է նախօրեին: Նրա անհետ կորելու մասին գրել են ընկերները` սոցիալական ցանցում: Նրանք խնդրում են բոլորին տեղեկատվություն տրամադրել Շանայի հնարավոր գտնվելու վայրի մասին: Ոստիկանները պարզել են, որ Շանայի հեռախոսը Մտածմինդայի շրջանում է, և փրկարարական ջոկատներն անդադար աշխատում են, ըստ վերջին լուրերի` դեռևս ապարդյուն:
Տեղեկություն կա, որ նախօրեին ցերեկը նա զանգել է ընկերոջն ու օգնություն խնդրել, ասել, որ հարձակվել են իր վրա, ապա կապն ընդհատվել է: Ըստ ընկերների` երիտասարդ կինը հաճախ էր արշավի գնում` Թբիլիսիի մերձակա սարերում, դեպի Մտածմինդա քայլելը նրա համար նորություն չէր:
Վաղ առավոտից Վրաստանում բնակվող օտարերկրացիներից և նրանց տեղացի ընկերներից որոնողական խումբ է կազմվել, ուսումնասիրում է Մթածմինդայի անտառի տարածքը ՝ որևէ հետք գտնելու նպատակով: