Վրաստանում քննարկվում է չինական պատվաստանյութ ներկրելու հարցը

Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի վստահեցմամբ, դիվանագիտական բոլոր ալիքներն օգտագործվում են, որպեսզի Հնդկաստանից պատվաստանյութերի ներկրումը տեղի ունենա ժամանակին:

Գաբունիայի խոսքով, քննարկվում է նաև չինական պատվաստանյութի ներկրումը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սինոֆարմ» պատվաստանյութին, որը Առողջապահության  համաշխարհային կազմակերպության կողմից կհաստատվի, հավանաբար, մարտի վերջում:

Գաբունիան նշել է, որ ըստ «Կովաքս» հարթակի` պատվաստանյութերից Pfizer-ը, հավանաբար, Վրաստանում կլինի մարտի 22 -ին հաջորդող շաբաթվա ընթացքում, Astrazeneca-ն՝ նույնպես:

Առողջապահության փոխնախարարը հույս է հայտնել, որ մարտի վերջին արդեն կմեկնարկի պատվաստման գործընթացը, ամեն դեպքում, այսպիսի տեղեկություն են ստացել «Կովաքս» հարթակից, որի հետ վերջերս սկանդալային  միջադեպ էր տեղի ունեցել:

Համագործակցության աշխատանքներ են տարվում նաև տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Մոդեռնա», ինչպես նաև «Սինոֆարմ» ու «Սինովակ» ընկերությունների հետ:

Նշենք, որ դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: