Վրաստանը հետևելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններին` ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս բնակչության պատվաստման հարցում` ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Նա բերել է ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների օրինակը, որտեղ Pfizer-ով արդեն պատվաստում են անչափահասներին:
Փորձագետների գերակշիռ մասը գտնում է, որ համաճարակի հաղթահարման համար պարտադիր պայման է երեխաների պատվաստումը, քանի որ նրանք չնայած, որ թեթև են տանում վարակը, սակայն համարվում են ակտիվ տարածողներ: Վրաստանի դեպքում որոշումն ավելի ուշ կընդունվի:
Վրաստանում պատվաստվել սկսեցին մարտի 15-ից, երկրում գործածության մեջ են Pfizer, AstraZeneca, Sinopharm, Sinovac տեսակի նյութերը: Ներկայումս AstraZeneca-ով պատվաստման շեմն իջեցնելու հարց չկա:
Վրաստանը սպասում է 130 հազար չափաբաժին Johnson&Johnson, որը ստեղծված է նույն սկզբունքով, ինչ AstraZeneca-ն, սակայն ամբողջական կուրսի համար բավական է մեկ ներարկումը: Երկրում մոտ 140 հազար մարդ է պատվաստվել: Կորոնավիրուսով վարակման դեպքեր են եղել նաև պատվաստված քաղաքացիների մոտ: Նրանց մեծ մասը հիվանդությունը տարել են առանց բարդությունների, հոսպիտալացման կամ ինտենսիվ բուժօգնության կարիք չի եղել: Գամկղրելիձեն բացատրել է, որ պատվաստումն առաջին հերթին օգնում է հիվանդության ծանր ընթացքը և մահվան ելքերը բացառելու հարցում: