Նախորդ օրվա ընթացքում փետրվարից մինչ այժմ առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի հիվանդացության բարձր ցուցանիշ` 673: Ավելացել է թեստավորման ընթացքում դրականության ցուցանիշը ևս:
Սրա հետ կապված` վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միջգերատեսչական խորհրդի նիստին համապատասխան կառույցներին հանձնարարել է ավելի խստացնել կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ հսկողությունը:
Միաժամանակ` կառավարությունում քննարկում են գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը մեղմացնելու հնարավոր տարբերակները: Կառավարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` համակարգող խորհուրդը պատրաստ է քննարկել պարետային ժամը հանելու հարցը, եթե համաճարակային իրավիճակը կայուն մնա: Բնակչությանը կոչ է արվել հետևել կանխարգելիչ պահանջներին` խուսափել մարդաշատ վայրերից, կրել դիմակ, պահպանել հեռավորություն, չկազմակերպել մասսայական միջոցառումներ, որոնք կառավարության կողմից արգելված են:
Հիշեցնենք` Վրաստանում պարետային ժամը գործում է 2020-ի նոյեմբերից` նախ 22:00-05:00-ն, ապա համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` 1 ժամով երկարաձգվեց: Ժամը 21:00-ից հետո դրսում գտնվելու (առանց հատուկ թույլտվության) համար տուգանքը 2000 լարի է: