Փետրվարի 2-ին խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ պետք է մեկնարկի Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Խորհրդարանը դեռևս «միակուսակցական» պիտակի ներքո է, քանի դեռ ընդդիմության զգալի մասը չի միացել օրենսդիր մարմնի աշխատանքին: Բացի «Վրացական երազանքից» խորհրդարանում որպես ընդդիմադիր կուսակցություն մուտք է գործել «Հայրենասերների դաշինքից» դուրս եկած 4 պատգամավորների կողմից ստեղծված «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը:
Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև նախորդ տարի միջազգային գործընկերների միջնորդությամբ տեղի ունեցած 4 հանդիպումները էական արդյունք չգրանցեցին, իսկ սպասվելիք 5-րդ հանդիպումը գնալով կորցնում է իմաստը: Ընդդիմադիր 8 կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո միաձայն հայտարարեցին, որ ընտրությունները ամբողջովին կեղծված են և չեն պատրաստվում ընդունել դրանց արդյունքները: Այժմ Վրաստանի ընդդիմությունը այնքան համախմբված չէ, քան 2 ամիս առաջ էր: Իշխանության հետ ծածուկ համագործակցելու և բանակցությունները տապալելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքները այժմ ընդդիմության առօրյայի մեծ մասն են զբաղեցնում:
Նոյեմբերին, երբ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, ընդդիմությունը առաջ քաշեց մի քանի պահանջ, որոնցից առաջինը արտահերթ ընտրությունների անցկացումն էր, ապա ընտրական օրենսդրության և ԿԸՀ-ի փոփոխությունները, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Մի քանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ իշխանությունը պատրաստ է քննարկել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, սակայն հիմնական թեման՝ արտահերթ ընտրությունները վերջիններիս համար «կարմիր գիծ» էր:
Չհասնելով ոչ մի համաձայնության՝ բանակցությունները մտան փակուղի և բոյկոտի ռեժիմում գտնվող կուսակցությունները սկսեցին տարբեր առաջարկներով հանդես գալ՝ ճգնաժամից դուրս գալու համար: Այս օրերին ամենաքննարկված առաջարկությունը «Գիրչի» կուսակցության երեք անդամի և «Քաղաքացիներ» կուսակցության առաջարկն է, ըստ որի ընդդիմությունն ու իշխանությունը պետք է համաձայնության հասնեն այն պայմանով, որ եթե 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդդիմությունը ընդհանուր հաշվով հաղթի իշխանությանը, ապա 2022 թվականին պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ:
Հունվարի 19-ից վրացական լրատվամիջոցները սկսեցին խոսել ընդդիմությունում ևս մեկ՝ երրորդ քաղաքական կենտրոն ստեղծելու գաղափարի մասին: Վրաստանի քաղաքացիները վերջին մի քանի ընտրությունը կատարում են հնի ու նորի, կամ ինչպես հայտնի է «Նացի» ու «Քոցի» միջև, և սրանից ելնելով երրորդ մեծ քաղաքական ուժը հնարավոր է հանրության աջակցությունը ստանա և ստանձնի երկրի կառավարման ղեկը: Այս պահին երրորդ քաղաքական ուժի ձևավորումը առնչվում է «Ռազմավարություն շինարարի» և «Լելոյի» հետ: Նոր ուժի ձևավորման առաջին արդյունքը, ըստ «Ռազմավարություն շինարարի» ներկայացուցիչ Պաատա Մանջգալաձեի՝ հանրությունը կտեսնի փետրվարին: Սակայն այն, որ գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը այս անգամ խաղից դուրս է մնալու՝ արդեն ակնհայտ է:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ վստահ են, որ գարնանային նստաշրջանի ընթացքում Վրաստանի օրենսդիր մարմինը բազմակուսակցական խորհրդարանի տեսք կունենա, քանի որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները չեն կեղծվել և քաղաքացիները «Վրացական երազանքին» երրորդ ժամկետով երկիրը կառավարելու իրավունք են տվել:
Ելնելով այսօրվա իրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Վրաստանում քաղաքական «անհանգիստ գարուն» է սպասվում, իսկ այս «անհանգստությունը» կապված կլինի մի քանի իրադարձությունների հետ.
- 2020 թվականի վերջին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ ընտրվեց Նիկա Մելիան, որը հայտնի է ավելի ռադիկալ բնավորությամբ:
- Անցնող շաբաթ «Վրացական երազանք» կուսակցությունն ու քաղաքականությունը լքեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, իսկ կուսակցության ղեկը ստանձնեց Իրակլի Կոբախիձեն, ում անունը կապված է 2019 թվականի հունիսի քաղաքական սկանդալի հետ:
- Մշտական բոյկոտի ռեժիմում գտնվող ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պահանջում են արտահերթ ընտրություններ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։