Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ակնկալվում էր, որ մեծ դեր էին խաղալու երկրի ժողովրդավարական զարգացման առումով: Եթե այդ ընտրությունների ժամանակ տեղի ունենար իշխանափոխություն, վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ կապացուցեր, որ ի զորու է խաղաղ ճանապարհով իշխանափախություն անել, իսկ եթե չփոխվեր իշխանությունը, ապա նոր 10-րդ գումարման խորհրդարանը լինելու էր աննախադեպ բազմակուսակցական և տարբերվող նախկիններից:
Վրաստանի ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ երկրորդ սցենարը, այսինքն իշխանությունը չփոխվեց, իսկ խորհրդարան մուտք գործեց 9 քաղաքական ուժ, ինչը մեծ հնարավորություն էր ընձեռելու հատկապես փոքր կուսակցություններին և շանս էր տալու վրացական քաղաքական կյանքը փրկել մշտական Իվանիշվիլի-Սաակաշվիլի դիլեմայից:
Սակայն, գրեթե մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները և միաձայն պահանջում նշանակել արտահերթ ընտրություններ: Ընտրությունների արդյունքները չընդունելու քաղաքականությունը շարունակելու նպատակով ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին 17 մեծամասնական շրջաններում անցկացված ընտրությունների երկրորդ փուլին, ինչի արդյունքում ևս 17 մանդատ «նվիրեցին» Վրաստանի իշխող կուսակցությանը, որը նոր խորհրդարանում կունենա 90 մանդատ:
Կառավարություն ձևավորելու համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ է ընդամենը 76 պատգամավոր, ինչի խնդիրը Իվանիշվիլիի կուսակցությունը չունի, սակայն ինչքանով շահեկան կլինի վերջինիս համար միակուսակցական խորհրդարան ձևավորելը՝ պարզ կլինի առաջիկայում: Ընդդիմությունը ամբողջությամբ մնում է բոյկոտի ռեժիմում և պաշտոնապես հայտարարվել է որ հրաժարվում են մանդատներից: Նրանց խոսքով՝ 30 տարի անց Վրաստանը նորից ունենալու է «սովետական խորհրդարան»:
Սահմանադրության համաձայն՝ ԿԸՀ-ն ամենաուշը մինչև դեկտեմբերի 10-ը պետք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները և ներկայացնի 150 պատգամավորներին, որից հետո խորհրդարանի առաջին նիստը պետք է նշանակվի ամենաուշը դեկտեմբերի 20-ին:
Վրաստանի իշխանությունն ու ընդդիմադիր կուսակցությունները Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ արդեն երկու անգամ հանդիպել են քննարկելու ստեղծված իրավիճակը, սակայն էական առաջընթաց չկա: Ընդդիմությունը արդեն մի քանի մեծամասշտաբ բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով նշանակել արտտահերթ ընտրություններ, ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձևավորել նոր ԿԸՀ:
«Վրացական երազանք» կուսակցությունից հայտնում են, որ բանակցությունների ժամանակ իրենց համար կա կարմիր գիծ՝ արտահերթ ընտրությունները, իսկ ընդդիմության խոսքով՝ իրենց դեպքում կարմիր գիծը, որը երբեք չեն հատի խորհրդարան մուտք գործելն է:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու երկու ճանապարհ կա՝ երկուսն էլ կապված են կառավարությանը անվստահություն հայտնելու հետ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ