Վրաստանում կընտրենք առաջին անկուսակցական նախագահին. Կալաձե

«Վրաստանում մենք կընտրենք առաջին անկուսակցական նախագահին, հենց այդպիսի նախագահ կլինի Սալոմե Զուրաբիշվիլին»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա նշել է, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները մեծ նշանակություն ունեն երկրի ժողովրդավարական զարգացման համար։ «Այս ընտրություններով պետք է հաստատենք առողջ, ժողովրդավարական, սահմանադրական նոր ավանդույթ»,- հայտարարել է Կալաձեն:

Ըստ նրա, Զուրաբիշվիլին Վրաստանի պատմության մեջ, երկրից ռուսական ռազմաբազաների դուրս բերման հարցում կարևոր դերակատարություն է ունեցել: Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին է ստորագրել ռուսական ռազմաբազաները Վրաստանից հանելու մասին փաստաթուղթը։

Կալաձեն նշել է, որ Զուրաբիշվիլին դեմ է եղել «Միացյալ ազգային շարժմանը» և այժմ ընդունում է «Վրացական երազանք»-ի սկզբունքները: