Վրաստանում գործող խոշոր Cavea կինոթատրոնների ցանցը կորոնավիրուսի տարածման պայմաններում ֆիլմերի սիրահարների համար այլընտրանք է ստեղծում՝ Drive-In կինոթատրոններ, այսինքն ՝ ավտոկինոթատրոններ:
«Շատ շուտով Թբիլիսիի Լիսի լճի հարևանությամբ տեղակայված նոր ձիարշավարանի տարածքում, ինչպես նաև Արդարադատության տան ավտոկայանատեղիում Cavea կինոթատրոնների ցանցը կներկայացնի համաշխարհային պրեմիերաներն ու նորագույն հայտնի ֆիլմերը: Նախատեսված է նաև կինոմարաթոններ ու նաև այլ միջոցառումներ անցկացնել: Հատուկ տարածք կառանձնացվի նաև նրանց համար, ովքեր առանց մեքենայի կլինեն»,- գրում է կինոթատրոնների ցանցի մամլո ծառայությունը:
Սկզբնական շրջանում նախատեսվում է մի տարածքում տեղավորել մոտ 200 մեքենա: Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն երեկոյան ժամը 20:00-ից հետո: Այցելուները կկարողանան լսել ֆիլմի ձայնը Bluetooth ականջակալների կամ ռադիոյի միջոցով:
Drive-In կինոթատրոնը ենթադրում է կինոդիտում բացօթյա տարածքում, անմիջապես կայանած մեքենաներից: Առաջին անգամ նման կինոթատրոն բացվել է 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի տարածման պայմաններում ամբողջ աշխարհում այս կինոթատրոնները նոր տարածում են ստանում: