Ապրիլի 23-ին ավանդույթի համաձայն, Վրաստանի Ախալքալաք և Ախալցիխե քաղաքներում կայացան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ջահերով երթը: Թբիլիսիում երթ այս տարի տեղի չի ունեցել, պատճառը՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված պարետային ժամն էր (21:00-05:00): Փոխարենը՝ հիմնականում հայաբնակ Մետրոմշենի թաղամասում ակտիվիստները խորհրդանշական լույսերով 106 օդապարիկներ են երկինք բարձրացրել:
Թբիլիսիից լուսանկարները տարածում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջը:
Ախալցիխեում ջահերով ու դրոշներով երթը սկսվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ու ավարտվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ:
Երթն ավարտվել է մինչև պարետային ժամի մեկնարկը: Լուսանկարները՝ akhaltskha.net կայքից:
Ախալքալաքում ևս երթը կայացել է՝ չնայած պարետային ժամի ու կովիդի սահմանափակումների առկայությանը: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երթը մարդաշատ չի եղել, մասնակիցները դիմակներով են եղել: Երիտասարդները երթով Ախալքալաքի բերդից շարժվել են դեպի հայկական եկեղեցի: Լուսանկարները՝ jnews.ge լրատվամիջոցի:
Հիշեցնենք` նախորդ տարի Վրաստանում այս շրջանում խիստ կարանտին էր, ինչի արդյունքում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները չեղարկվել էին:
Այս տարի, ապրիլի 24 ին ժամը 13:30, հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված երթը տեղի կունենա Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի հարակից տարածքից դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն։ Կազմակերպիչները կոչ են անում դիմակներ կրել ու պահպանել սոցիալական հեռավորություն: