Վրաստանում կարմրուկի բռնկում է․ ի՞նչ պետք է իմանալ հիվանդության մասին

Տարեսկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 335 դեպք: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտարարության համաձայն՝ կարմրուկի նոր բռնկում է գրանցվել: Այս պահի տվյալներով, հիվանդությունը տարածված է հատկապես Իմերեթիում, Սամեգրելոյում և Կախեթիում:

Սա կարմրուկի բռնկման առաջին դեպքը չէ: 2018-ի հունվար-փերվար ամիսներին հիվանդացության ավելի քան 370 դեպք էր գրանցվել: Ոլորտի պատասխանատուները հայտարարել էին՝ «ոչինչ չունենք թաքցնելու, համաճարակ է»։

Կարմրուկի համաճարակ եղել է նաև 2004-2005 թվականներին, այն ժամանակ մինչև 14 հազար 500 մարդ էր հիվանդացել, 9-ը՝ մահացել: Դրանից հետո երկրում կարմրուկի դեմ պայքարի ակտիվ աշխատանքներ են ընթացել: «Ալիք Մեդիան» զրուցել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական բաժնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հետ:

«Կարմրուկն ավելի քիչ խնդիրներ սկսեց ստեղծել պատվաստումից հետո։ 90-ականներին պատվաստման հետ խնդիրներ առաջացան, որոշ ժամանակ անց վերականգնվեց, արդյունքում բնակչության որոշ խումբ մնաց առանց պատվաստման: 2008 թվականին ծրագրում էինք 1 միլիոն մարդու պատվաստել, սակայն իրականացրինք ծրագրի կեսը: 2017-ի երկրորդ կեսից սկսեց աճել կարմրուկով հիվանդացության դեպքերը: 2018-ի ողջ ընթացքում հիվանդությունը տարածված էր, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը անցնում է 335-ը»:

Կարմրուկի դեմ պատվաստումները Վրաստանում սկսել են դեռևս 51 տարի առաջ, երբ կարմրուկի համաճարակը դարձել էր երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկը:

Ի՞նչ է կարմրուկը

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով կամ բացառապես հիվանդի հետ ուղիղ շփմամբ: Կարմրուկը համարվում է հատկապես երեխաների հիվանդություն, սակայն վարակվելու վտանգն առկա է ցանկացած մարդու մոտ, եթե վերջինս պատվաստված չէ, կամ երբևէ չի հիվանդացել կարմրուկով:

Ախտանշանները

«Առաջին ախտանշաններն են բարձր ջերմությունն ու ցանը:

Վիճակագրական տվյալներով կարմրուկի հիվանդացության 30 տոկոսն է բարդություններով ընթանում: Զարգացած երկրներում կարմրուկի 1000 դեպքից 1-ն է մահվան ելքով ավարտվում, իսկ զարգացող երկրներում այդ թիվը ավելի է:

«Ոչինչ չի կարող կանգնեցնել հիվանդության տարածումը, եթե մարդիկ չպատվաստվեն: Խնդրին հատկապես պետք է ուշադիր լինեն 20-40 տարիքային խմբի ներկայացուցիչները, այդ պատճառով հենց այս խմբին ենք խնդրում ճշտել՝ արդյո՞ք պատվաստված են»,- ասում է Իմնաձեն՝ խորհուրդ տալով պատվաստումներով կանխել վարակը:

Ինչպես են հիվանդանում կարմրուկով

Կարմրուկը հեշտությամբ է փոխանցվում: Ցանկացած մարդ, ով կարմրուկի վիրուսով չի հիվանդացել, կամ դրա դեմ չի պատվաստվել, 90 տոկոս հավանականությամբ կհիվանդանա:

Ե՞րբ է կարմրուկը փոխանցվում

Վարակն իրականացվում է սահմանափակ ժամանակաշրջանում՝ հիվանդության գաղտնի շրջանի վերջին 2 օրը և ցանը դուրս գալու մինչև 4-րդ օրը, որից հետո հիվանդները միանգամայն անվտանգ են առողջների համար։

Ինչպե՞ս պաշտպանվել հիվանդությունից

Պատվաստումը կարմրուկի կասեցման միակ արդյունավետ միջոցն է: Ըստ պատվաստումների ազգային օրացույցի, այն պարտադիր կատարվում է 1-ից 5 տարեկանում, սակայն թույլատրվում է նաև ցանկացած այլ ժամանակ: Մասնագետները խորհուրդ են տալիս վերստուգել պատվաստման կարգավիճակը: Եթե համոզված չեք, որ պատվաստված եք, ստուգեք բժշկական պատմությունը, դիմեք ընտանեկան բժշկին և պատվաստվեք:

Որքանով է անվտանգ Կարմրուկի դեմ պատվաստումը

Մասնագետները պնդում են, որ պատվաստումն անվտանգ է: Այսօրվա դրությամբ այն կիրառվում է ավելի քան 150 երկրներում:

Ու՞մ չի կարելի պատվաստվել

«Խորհուրդ է տրվում երիտասարդ կանանց պատվաստվել մինչև հղիությունը, հղիության ընթացքում վտանգավոր է»,- ասում է Իմնաձեն:

Հարկ է նշել, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, այս օրերին կարմրուկի դեմ պատվաստումն անվճար է։