Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Եվրամիության հետ կապված որոշման պատճառով առաջացած բողոքը ցույց է տալիս երկրում «կարդացածն ընկալելու լուրջ խնդրի» առկայությունը։
Ըստ Կոբախիձեի՝ իր ասածը հաստատում է ժամանակին աշակերտների գնահատման PISA միջազգային ծրագրի վրաստանյան հետազոտությունը․ Վրաստանում կարդացածն ընկալելու ընկալման լուրջ խնդիր կա։
Կոբախիձեն նրանց, ովքեր «դժվարանում են հասկանալ, թե ինչ են կարդացել կամ լսել», քննարկում է առաջարկում: Սակայն, ըստ Կոբախիձեի՝ քննարկման համար քիչ հույս կա, քանի որ մի քանի ամիս առաջ, երբ հասարակության ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել «գործակալների օրենք»-ը, «ակտիվացավ լիբերալ ֆաշիզմը, և բոլորին արգելվեց մասնակցել քննարկմանը»:
Կոբախիձեի հետ համակարծիք է նաև կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն: Ծուլաձեն կառավարության վարչակազմում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է՝ «հասարակության մի մասի համար կամա, թե ակամա, դժվար է հասկանալ իշխող կուսակցության հայտարարությունների բովանդակությունը»։
Ընդգծենք՝ նոյեմբերի 28-ին Կոբախիձեն պաշտոնապես հայտարարեց՝ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։ Այդ օրվանից ի վեր, եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցեր են Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։