Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսը համաճարակի պատճառ չի կարող դառնալ, NEWS.On.ge լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Չխաիձեն պարզաբանել է, որ երկիրը չի բախվի նոր համաճարակի վտանգի՝ կապված «Կապիկի ծաղիկ» վիրուսի տարածման առանձնահատկությունների հետ:
«Սա կորոնավիրուս կամ գրիպ չէ, որոնք տարածվում են օդակաթիլային եղանակով։ «Կապիկի ծաղիկը» տարածվելու համար պահանջում է շատ սերտ շփում՝ մաշկից մաշկ: Շատ դեպքեր արձանագրվում են սեռական շփումից հետո:
Առայժմ Աֆրիկյան մայրցամաքում դեպքեր են գրանցվել, Եվրոպայում ունենք միայն մեկ դեպք, Վրաստանում հնարավոր է առանձին դեպքեր գրանցվեն, բայց համաճարակի առաջացման վտանգ չկա»,- ասել է Չխաիձեն։
Նշենք, որ Եվրոպայում գրանցել է «Կապիկի ծաղիկի» առաջին դեպքը. վիրուսը գրանցվել է Շվեդիայում։ Մինչ այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գլոբալ արտակարգ դրություն էր հայտարարել «Կապիկի ծաղիկի» տարածման պատճառով։
ԱՀԿ-ի տվյալներով՝ «Կապիկի ծաղիկը» վիրուսային հիվանդություն է, որը հեշտությամբ տարածվում է մարդկանց և կենդանիների միջև։ Դա կարող է տեղի ունենալ հպվելու, համբուրվելու կամ սեռական շփման, ինչպես նաև վիրուսով վարակված առարկաների միջոցով (անկողնային սպիտակեղեն, հագուստ, ասեղներ և այլն): Հիվանդությունը դրսևորվում է մի շարք ախտանիշներով, որոնցից են՝ բարձր ջերմություն, ցավոտ ցան, մկանների, մեջքի կամ գլխի ցավ, թուլություն և այլն: