Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է Վրաստանում զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում անցկացնելու մասին:
Տեղեկության համաձայն՝ լայնածավալ միջոցառման շրջանակներում Վրաստան կայցելեն բարձրաստիճան հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, զբոսաշրջության նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։
«Օգնենք վաղվա խաղաղությանը այսօրվա ճամփորդությամբ։ Եկեք 2024 թվականի զբոսաշրջության համաշխարհային օրը տուրիզմին տանք խաղաղության խորհրդանշական դեր։ Վրաստանում սեպտեմբերի 27-ին, ծանոթանալով մշակույթներին, կայուն զբոսաշրջությանը և երկխոսությանը, մենք կարող ենք զբոսաշրջությունը վերածել հակամարտությունների կարգավորման և գլոբալ ներդաշնակության ուժի»,- գրված է զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության սոցիալական ցանցերում։
Ըստ տեղեկության՝ զբոսաշրջության համաշխարհային օրվա շրջանակներում կանցկացվեն քննարկումներ, կքննարկվեն զբոսաշրջության զարգացման համաշխարհային միտումները և արդյունաբերության զարգացման տեսանկյունից խաղաղության կարևորությունը։
«2023 թվականի գարնանը ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպական հանձնաժողովի անդամ 38 երկրները միաձայն պաշտպանել են վրացական պատվիրակության նախաձեռնությունը՝ միջոցառումը Վրաստանում անցկացնել 2024 թվականին։ Զբոսաշրջության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից նշվում է 1979 թվականից՝ ամեն տարի սեպտեմբերի 27-ին։