
Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը կանցկացնի թվով 58-րդ համընդհանուր մկրտությունը: Մկրտության գրանցումը մեկնարկել է այս կիրակի և կշարունակվի մինչև մարտի 29-ը:
Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների ինքնությունը հաստատող փաստաթղթերի, ամուսնության վկայականների, երեխաների ծննդյան և մկրտության վկայականների պատճենները, ինչպես նաև CD սկավառակի վրա մկրտվող երեխայի ու ընտանիքի լուսանկարը։ Գրանցումն իրականացվում է Վրաստանի պատրիարքարանում:
Առաջին զանգվածային մկրտությունը տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 19-ին՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա (սուրբ երրորդություն) տաճարում: Պատրիարքը այդ ժամանակվանից դարձել է հազարավոր երեխաների կնքահայրը՝ մկրտելով ուղղափառ ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և հաջորդող նորածիններին։
Համընդհանուր մկրտության նպատակը երկրում ժողովրդագրության խթանումն է։