Վրաստանում կանանց քաղաքական մասնակցության հարցը կրկին արդիական է: Թեև օրենսդրական փոփոխությունների արդյունքում գործում է քվոտավորման մեխանիզմը, սակայն Վրաստանում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ևս ակտիվ քննարկման թեմա էր քաղաքականության մեջ կանանց պասիվ մասնակցության հարցը։ Այս խնդիրը որոշ չափով լուծելու նպատակով 2020 թվականի հուլիսի 2-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց գենդերային քվոտավորման մասին օրենսգիծը։
Ուստի, վերջին ընտրություններում կուսակցությունները պարտավորություն ունեին համամասնական ցուցակի ամեն երեք թեկնածուների շարքում ընդգրկել հակառակ սեռին պատկանող առնվազն մեկ թեկնածու: Այս օրենքը խորհրդարանն ընդունեց սակրեբուլոյի (ավագանու) համամասնական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ թեկնածուի կին լինելու մասին օրենքից հետո։
«Ինչպես հայտնի է, 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց այս մեխանիզմը՝ որպես կանանց՝ քաղաքականության մեջ արագ և արդյունավետ կերպով ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին»,-«Ալիք մեդիային» ասում է ընտրական հանձնաժողովի անդամ, քաղաքականության մեջ կանանց դերի և մասնակցության բարձրացման գործընթացի ակտիվիստ Միրանդա Թկաբլաձեն։
Բացի այդ, նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չի կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով; Այն ուժը, որը հրաժարվում է կին թեկնածուին տրամադրել իր մանդատը, ի վերջո մնում է առանց այդ մանդատի:
Սակայն Թկաբլաձեն ասում է, որ այս թեմայով կարծիքները հակասական են․
«Այս օրինագիծը քննադատողների պնդումներից մեկն այն է, թե կուսակցությունների համար դժվար կլիներ ամեն անգամ այդ կերպով համամասնական ցուցակներ կազմելը, քանի որ բավարար որակավորում ունեցող կին քաղաքական գործիչների պակաս կա, ինչի հետ ես համաձայն չեմ: Այնուամենայնիվ, այս կարծիքը փոխելու համար կանանց հարկավոր է ակտիվ լինել և ընդգծել իրենց դերն ու պատրաստակամությունը։ Կարևոր է նաև բարձրացնել ներկուսակցական ժողովրդավարությունը, որպեսզի կուսակցություններն իրենք լինեն կանանց քաղաքական մասնակցության բարձրացման նախաձեռնողները»։
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, մնացած գնահատականների հետ մեկտեղ, կարևորվեց հատկապես կանանց ներգրավվածության հարցը:
Միջազգային դիտորդական կազմակեպությունները ևս հայտնեցին իրենց կարծիքն այդ առիթով։ Դեյվիդ Էրեյն ու Ալբերտ Ջոնսոնը, ովքեր հետևել էին ընտրությունների ընթացքին, իրենց ներկայացրած ամփոփիչ հաշվետվությունում շեշտադրում կատարեցին քաղաքական դաշտում կանանց պասիվ մասնակցության վրա։
«Կանայք ակտիվ մասնակցություն չունեցան քարոզարշավներում, մասնակցեց ընդամենը մի քանի կին, հիմնականում մայրաքաղաքում: Քաղաքապետի տասը թեկնածուների շարքում միայն մի կին կար, մեծամասնական յոթ թեկնածուներից ևս միայն մեկն էր կին: Ընդհանուր առմամբ, կանանց մասնակցության տոկոսը չի գերազանցել 42.5%-ը», -նշել է Ջոնսոնը:
Դեյվիդ Էրեյն ընտրություններին կանանց որպես թեկնածու բացակայությունը որակել է որպես տեղական ժողովրդավարության համար բաց թողնված հնարավորություն: Նրա խոսքով՝ «կանայք ակտիվորեն ներգրավված էին ընտրական հանձնաժողովներում, թեև նրանց թիվը քաղաքական դաշտում շատ քիչ է»։
Ինչպես վերջիններս, այդպես էլ շատ անհատներ ու կառույցներ տասնամյակներ շարունակ կոչ են անում պետություններին՝ ապահովել գենդերային հավասարություն:
Կանանց իրավունքների պաշտպանությամբ և խտրականության դեմ բազում նախագծերի մասնակից և հեղինակ Քեթի Մուրղուլիան «Ալիք մեդիային» ասում է, որ Վրաստանում քաղաքականության ոլորտում կանանց պասիվությունը, բնականաբար, այս տարվա ՏԻՄ ընտրություններով չի սկսվել, սա ավելի գլոբալ խնդիր է։
«Չնայած նրան, որ կանայք մեր բնակչության կեսից ավելին են կազմում՝ չունեն հավասարաչափ ներգրավվածություն քաղաքականության մեջ։ Այս ընտրություններն ավելի ընդգծեցին այն փաստը, որ քաղաքականության մեջ կինը հիմնականում զբաղվում է «սև» մենեջմենթով, կնոջն ընկալում են որպես հետևի «ֆոն» կամ հետևում կանգնած օգնական ուժ, ով կարող է զբաղվել ներքին մանր գործերով։ Այս ամենի պատճառը կարող են լինել հասարակության մեջ տարածված կարծրատիպերը, գենդերային դերերը, ըստ որի՝ «Կնոջ տեղը խոհանոցում է» և այլն»,-ասում է Մուրղուլիան ու հավելում, որ այս խնդրի լուծումը պայմանավորված է մի քանի գործոններով․
«Նախ պետք է առավել ուշադրություն դարձնել այն կետին, որ կանայք, հիմնականում, ընտրացուցակներում զբաղեցնում են վերջին համարները, որն ավելի է քչացնում նրանց հաղթելու հավանականությունը։ Այնուհետև, բարելավել կանանց սոցիալական վիճակը, որն անհրաժեշտ է նրանց տնտեսապես հզորանալու համար, իսկ երրորդ կարևոր կետն իմ կարծիքով քվոտավորումն է։ Դա իհարկե, ընդհանուր առմամբ, իսկ ավելի նեղ շրջանակներում հենց ինքը անհատը կարող է ակտիվորեն պայքարել քաղաքական ասպարեզում առաջին տեղեր զբաղեցնելու համար, կուսակցությունները ևս կարող են ձեռնարկել կանանց հավասար ներգրավման միջոցառումներ, սրանով էլ նպաստել երկրի ժողովրդավարապես կայունացմանը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում կանցկացվի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը, որն առավելապես կարևոր է բոլոր թեկնածուների, այդ թվում, իհարկե, կին քաղաքական գործիչների համար։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր