Վրաստանում արդեն չորրորդ օրն է, ինչ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու համար։
Մասնագետների խոսքով, հրդեհի հնարավոր պատճառը եղանակն է` օդի բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները, որոնց միջոցով բռնկված հրդեհը կարող է հեշտությամբ տարածվել։
Ի դեպ, Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը։ Ավելին, օդերևութաբանական կանխատեսումներով` ուժեղ քամիներ են սպասվում, ինչը բարենպաստ գործոն է անտառային հրդեհների առաջացման համար։
Վրաստանի արտակարգ իրավիճակների (ԱԻ) կառավարման ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ զգուշացումներ են նշված, թե ինչպես խուսափել հրդեհի բռնկումից կամ ինչպես կանխել դրանց տարածումը։
Ըստ հաղորդագրության՝ առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվեն բարձր ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը։
Նշվում է նաև, որ լեռնային շրջաններում, շոգից բացի, սպասվում են նաև ուժեղ քամիներ, որոնք նպաստող գործոններ կստեղծեն անտառային հրդեհների առաջացմանը։
Մասնագիտությամբ բնապահպան Մարիամ Աչելաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է, որ նման եղանակի պայմաններում հրդեհների պատճառներից մեկը կարող է լինել նաև աղբը․
«Կենցաղային աղբը կարող է բարձր ջերմաստիճանի դեպքում ինքնաբուխ այրվել, ուստի քաղաքացիներին հորդորում ենք չաղտոտել շրջակա միջավայրը։ Նաև չմոռանանք, որ ամռանը մարդիկ հանգստի են մեկնում և անտառներում կարող են աղբ թողնել, ավելին` խարույկ վառել կամ չհանգցնել, կամ էլ ծխախոտը նետել նման վայրերում. այս ամենի համար պետք է խստագույնս պատժել, կոչ եմ անում առավելագույնս զգույշ ու ուշադիր լինել», — նշում է Աչելաշվիլին։
Աչելաշվիլին մեջբերում է նաև ԱԻ-ի հորդորը՝ գյուղատնտեսական ցանքատարածությունների, անտառների կամ դաշտերի մոտ անտարբերության չմատնել խարույկը։
էկոլոգ Նուգզար Զազանաշվիլին նշում է, որ հարկավոր է հատկապես զգուշություն ցուցաբերել Սամցխե-Ջավախեթիի երկրամասում, քանի որ այնտեղ օդը մշտապես չոր է, ինչը հրդեհի համար բարենպաստ պայման է․
«Բորջոմիի անտառների հրդեհվելը մեզ համար չափազանց ցավալի կորուստ է, այդ անտառները մեր պետության թոքերն են, ուստի, բնապահպանական նկատառումներից ելնելով, ակնկալում եմ բոլոր քաղաքացիների պատասխանատվության զգացումն այս ուղղությամբ։
Սամցխե-Ջավախեթիի երկրամասն առանձնանում է չոր օդով, ինչը հրդեհի համար բարենպաստ պայման է, հարկավոր է ոչ մի դեպքում չանտեսել անգամ փոքրիկ ծուխը, հզոր քամիների պատճառով հրդեհը կարող է տարածվել», — նկատում է Զազանաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Նշենք, որ ծուխ նկատելու կամ հրդեհի դեպքում քաղաքացին պետք է անհապաղ տեղեկացնի ՆԳՆ հանրային անվտանգության կառավարման կենտրոն` 112։
Կարդացեք նաև՝