Եթե Վրաստանում Կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվի` հայտարարում են կառավարությունից։
Փետրվարի մեկից, կառավարության որոշմամբ, սննդի օբյեկտները կբացվեն միայն Աջարիայի ինքնավար հանրապետությունում։ Ընդ որում՝ ռեստորանի աշխատակիցները պետք է երկու շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեն։ Միայն Աջարիայում ռեստորանների աշխատանքը թույլատրելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել այլ շրջանների ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
Կառավարությունն իր բացատրությունն ունի. ռեստորաններում վարակի աղբյուրը ոչ թե անձնակազմն է, այլ այցելուները, քանի որ օբյեկտների ներսում նրանք առանց դիմակի են։ Երկար ժամանակ առանց դիմակ շփումը կորոնավիրուսի կանխարգելման կանոններին հակասում է։
Ներկայումս Աջարիան կորոնավիրուսի առումով ռիսկային գոտի չի համարվում. վարակի էպիկենտրոն շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, ռիսկային են նաև Իմերեթին, Սամեգրելոն, Քվեմո Քարթլին։