Վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում շրջանառվում է հիմնականում «խոզի գրիպ» վիրուսը, interpressnews.ge լրատվականին տված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա՝ վերջին շաբաթվա տվյալներով, երկրում շրջանառվում է գրիպի A տեսակի վիրուսը, որի շրջանառությունը 40 տոկոսից ավելի է։
«Հիմնականում դա H1N1 վիրուսն է (այսպես կոչված՝ խոզի գրիպը), որը պանդեմիկ վիրուս է, 2009-2010 թվականների համաճարակի պատճառ է դարձել, այժմ այն հաստատվել է որպես սեզոնային վիրուս։ Գրանցվել է H3-ի փոքր քանակություն, որը նույնպես համաճարակային վիրուս է»,- ասել է Իմնաձեն:
Նրա խոսքով, երկրում շրջանառվում է նաև շնչառական սինցիցիալ վիրուսը, որի տոկոսը բավականին բարձր է՝ մոտ 20 տոկոս։ Երեխաների մոտ շնչառական սինցիցիալ վիրուսը կարող է ծանր լինել: Ինչպես նշել է Իմնաձեն, երկրում շարունակվում է 21 տեսակի վիրուսների մշտական մոնիտորինգը։
Հիշեցնենք՝ օրերս իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն ասել էր, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում Վրաստանում գրիպի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվել է: