Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը ուղերձ է հղել և շնորհավորել Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Դեսպանի ուղերձը ներկայացնում ենք անփոփոխ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար կողմ քվեարկեց անկախության հռչակմանը՝ լավ գիտակցելով, որ չնայած անկախության ուղին դյուրին չէ և լի է տարատեսակ փորձություններով, այդուհանդերձ հենց անկախ պետականության գոյությունն է հանդիսանում արժանապատիվ և բարեկեցիկ ապագայի առհավատչյան:
Այսօր էլ մեր պետությունը կանգնած է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև, և մեր բոլորիս պարտքն է արժանի լինել անկախ պետականության կերտման որոշումը աներկբաորեն ընդունած և հանուն մեր անկախության իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին՝ միասնաբար և համերաշխ մեր գիտելիքները, կարողություններն ու ամուր կամքը ներդնելով մեր Հայրենիքը շենացնելու և ավելի հզոր ու բարեկեցիկ պետություն կառուցելու գործում:
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը»: