Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շարունակում է հանդիպումները Վրաստանի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են քույր քաղաքներ Էջմիածնի և Մցխեթայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը. «Մտքեր են փոխանակվել երկու քաղաքների միջև փոխգործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ»:
Դեկտեմբերի 11-ին դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ Կախա Շենգելիան:
«Շենգելիան ներկայացրել է համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար բուհում ստեղծված պայմանները։ Նա նաև անդրադարձել է համալսարանի շենքի պատմությանը` նշելով, որ 1911-1924 թվականներին այս շենքում է գործել Թբիլիսիի Ներսիսյան ճեմարանը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայ ժողովրդի համար խորհրդանշական նշանակություն ունեցող շենքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համալսարանների միջև համագործակցության խորացման ուղիները, մտքեր փոխանակել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ»,- հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Նույն օրը դեսպանն այցելել է նաև Թբիլիսիի Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ հանդիպել է տնօրեն Գիորգի Քորքաձեի հետ:
ՀՀ դեսպանը շրջայց է կատարել ուսումնարանում, ծանոթացել դրա հարուստ պատմությանը. «Քննարկվել է Երևանի և Թբիլիսիի երաժշտական կրթօջախների միջև համագործակցության զարգացման հնարավորությունը»: