
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի անդամ, ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ:
Դեսպանատան փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն ու հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել մշակութային և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Վրաստանի՝ որպես գործընկեր երկրների և բարեկամ ազգերի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Դեսպան Սադոյանը և Գիորգի Ծերեթելին նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար»,- ասվում է հաղորդագրությունում: