«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, կասկածի տակ է դնում այդ ընտրությունների օրինականությունը», — Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Յուլյան Բուլան։
Նրա խոսքով` Վրաստանում հետընտրական իրավիճակը մտահոգիչ է. Բուլայի գնահատմամբ` երկիրը գնում է դեպի ինքնավարություն, իսկ ընտրություններից հետո իրավիճակը չի բարելավվում։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ երկու կոչ անել. առաջինը 53 քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Նրանցից մեկը՝ լրագրողը (Մզիա Ամաղլոբելի — հեղ.), արդեն 16 օր հացադուլի մեջ է։ Երկրորդ, այն ամենը, ինչ տեղի ունեցավ ընտրություններից հետո, կասկածի տակ է դնում այդ ընտրությունների լեգիտիմությունը և թույլ է տալիս այս վեհաժողովին կոչ անել Վրաստանի կառավարությանը՝ երկխոսելով բոլոր ուժերի հետ, աշխատել նոր ընտրությունների ուղղությամբ, որպեսզի կառավարությունը լեգիտիմություն ունենա կառավարելու խորհրդարանը»,- ասել է Յուլիան Բուլան։
Բուլան նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել քաղաքական և լրատվական դաշտի խիստ բևեռվածությամբ։
Նիստում նա հակիրճ ներկայացրել է իր գնահատականը նախընտրական շրջանի և բուն ընտրությունների օրվա վերաբերյալ`
«Հատկապես գյուղական բնակավայրերում արձանագրվել են ընտրակաշառքի և կրկնակի քվեարկության դեպքեր, իսկ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր գրանցվել են այն տեղամասերի գրեթե մեկ քառորդում, որտեղ ներկա են եղել միջազգային դիտորդներ»։
Պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է նաև հետընտրական շրջանին՝ նշելով, որ Վրաստանում իրադարձությունները «տագնապալի» են զարգանում։
«Զանգվածային ցույցերն ընթանում են բռնություններով, ոստիկանների դաժանությամբ ցուցարարների, նաև ընդդիմության, քաղաքացիական անձանց և լրագրողների նկատմամբ»,- ասել է նա։
Հիշեցնենք. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ի նստաշրջանում բողոքարկվել է նաև «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցը։ Մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամ ունի զեկույցը պատրաստելու համար, իսկ չորեքշաբթի օրը տեղի կունենա հարցի քվեարկությունը։