Վրաստանում վերջին օրերին ծավալված գործընթացներեը ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի լրատվականների հիմնական թեմաներից են դարձել։ Հունիսի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից հետո ադրբեջանական որոշ կայքեր գրում էին, թե ցույցերը Վրաստանում կազմակերպվում են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից, այսպիսով կարծես փորձ անելով Վրաստանում հակահայկական բողոքի ալիք հրահրել, ինչպես նաեւ ազդել դրական միտում ունեցող հայ-վրացական հարաբերությունների վրա:
Այսպես է աշխատում, օրինակ, kavkazplus.com կայքը, որը հունիսի 24-ին հրապարակված հոդվածում նշվում է, թե «ՀՀ հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին է վկայում այն փաստը, որ հունիսի 20 լույս 21-ի գիշերը Թբիլիսում 300-ից ավելի բերման ենթարկվածների թվում Հայաստանի մեկ քաղաքացի է եղել` Մինաս Մինասյանը»: Այս պնդումը ապացուցող որևէ փաստ չներկայացնելով` կայքը գույներն առավել խտացնելու համար նշում է, թե Մինասյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ և` «սորոսական»:
Մինաս Մինասյանն իսկապես եղել է 305 բերման ենթարկվածներից մեկը, սակայն չի եղել ցույցի մասնակից: Մինաս Մինասյանի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Միեւնույն կայքը էլ ավելի է խորացնում Վրաստանում տեղի ունեցողի մեջ հայկական հետքի մասին միֆական թեզը: Այսպես Հայաստանի գործակալ է որակվում նաեւ Վրաստանի քաղաքացի Սերգո Գալստյանը, ով Վրաստանում բնակվող էթնիկ տարբեր պատկանելություն ունեցող այլ քացաքացիների նման արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը: Ակնհայտ է, որ էթնիկ պատկանելությունը որևէ կերպ չի կարող շաղկապվել Վրաստանի ցանկացած քաղաքացու քաղաքական հայացքների հետ, և, առավել ևս, չի կարող լինել այդ գործընթացներում «Հայաստանի ներգրավվածության ապացույց»:
Ի դեպ վերջինս «Թիֆլիս մեդիա կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրն է և արդեն իսկ իր հասցեին հնչեցված մեղադրանքների համար դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին և կոչ է արել պարզաբանելու, թե ով է ապատեղեկատվության պատվիրատուն և ստուգելու «Կավկազպլյուս» կայքը:
Ադրբեջանական, ռուսերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով գործող Kavkazplus.com կայքը, որը հաճախ է հայատյաց հոդվածներ հրապարակում, Google Analytics-ում գրանցված է UA-38418329 ծածկագրի ներքո: Նշված հաշիվն ասոցացվում է mvusal@gmail.com էլ. հասցեի հետ, որը ֆեյսբուքի որոնման համակարգում, իր հերթին, ասոցացվում է azvision.az կայքի գլխավոր խմբագիր Վուսալ Մամեդովի էջի հետ:
Հատկանշական է նաև այն, որ Facebook-ի տրամադրած տվյալների համաձայն, կայքի ֆեյսբուքյան էջը կառավարվում է Վրաստանի տարածքից:
Ի դեպ նշված նյութը կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրելուց հետո այն վերատարածել են մեծ թվով ադրբեջանցի օգտատերեր: Բացի այդ, նշված նյութը տեղադրել և տարածել են նաև մի շարք այլ ադրբեջանական կայքեր, այդ թվում՝ Vzglyad.az կայքը:
Ավելացնենք, որ նաև վրացերենով և անգլերենով գործող այս ակնհայտ կայքը հաճախ է տարածում նմանատիպ սադրիչ բնույթի նյութեր՝ փորձելով Վրաստանում հայերի և Հայաստանի հանդեպ բացասական տրամադրություններ գեներացնել: Նման օրինակներից մեկը կարող եք տեսնել «Ալիք Մեդիայի» հրապարակած վերլուծություններից մեկում:
Հիշեցնենք նաեւ, որ վրաց-ադրբեջանական սահմանային տիրույթում վերջին ամիսներին լարվածության աղբյուր է դարձել Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որը ադրբեջանական կողմի պնդմամբ վրացական մշակութային ժառանգություն չէ: Այս խնդիրը նոր չէ: Տարիներ շարունակ ադրբեջանցի սահմանապահները արգելել են վրաց ուխտավորներին այցելել վանահամալիր Վրաստանի տարածքից: Խնդրի շուրջ այս պահին եւս շարունակվում են բողոքի ակցիաները եւ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից հայ-վրացական հարաբերությունները լարելու ուղղությամբ ջանքերի նպատակն է նաեւ ուշադրությունը հեռացնել Դավիթ Գարեջիի շուրջ ծավալվող զարգացումներից: