Վրաստանում, հավանաբար, կարգելվեն շների որոշ ցեղատեսակների ներմուծումն ու բուծումը

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների ներգրավմամբ շարունակում է աշխատել ընտանի կենդանիների վերաբերյալ կանոնակարգերի ստեղծման ուղղությամբ։ Կենդանիների մոնիտորինգի գործակալության գլխավոր իրավաբան Կախաբեր Իոսելիանիի խոսքով՝ երկրում, հավանաբար, կարգելվեն շների որոշ ցեղատեսակների ներմուծումն ու բուծումը։

Նախատեսված է նաև քրեական և վարչական պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ում շունը վնասում է քաղաքացուն։

«Կքննարկվի, թե որոշակի ցեղատեսակի շների բուծումը պե՞տք է արգելվի, թե` ոչ. օրինակ՝ «պիդբուլ» ցեղատեսակի շան ներմուծումը երկիր։ Եթե արգելվի նշված կամ այլ ցեղատեսակի «ագրեսիվ շան» բուծումը, ապա նման ցեղատեսակի շան ներկրումը կարգելվի», — ասել է նա։

Կենդանիների մոնիտորինգի գործակալության տվյալներով՝ օրենսդրական վերանայումը կսկսվի առաջիկայում։