Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ երկրում նվազել է այնպիսի հանցագործությունների թիվը, ինչպիսիք են՝ սպանության փորձ, կողոպուտ, շորթում:
Փոխարենն աճել են կիբեռհանցագործությունները, ինչը համաշխարհային մարտահրավեր է և պայմանավորված է ինտերնետային ռեսուրսների օգտագործման ավելացմամբ: Ընտանեկան բռնության դեպքերի աճ ևս նկատվել է: Ըստ նախարարի` նախորդ տարի` 2019-ի համեմատ, հանցագործությունների թիվը 12% -ով նվազել է:
Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ Գոմելաուրին ասել է, որ 2020-ը «դժվար տարի էր», կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ է ՆԳՆ-ի դերը, ու չնայած համաճարակի ստեղծած դժվարություններին` նախարարությունը կարողանում է արդյունավետ աշխատել` հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ըստ նրա՝ դեռ կան մարտահրավերներ, որոնց լուծման համար նախարարությունում պլանավորվում ու իրականացվում են մի շարք բարեփոխումներ: